ԵՐՈՒՍԱՂԵՄՅԱՆ ԵՐԱԺՇՏԱՇԱՐԺ
(կամ դուդուկից հմայվածները)
Հանրահայտ ճշմարտությունը, թե հոգուն երկրային ու զգայական խորհուրդներից ամենամոտը երաժշտությունն է, գիտեն բոլորը, թեկուզ և ենթագիտակցական շերտերում, քանզի մարդուն հոգեհարազատ երաժշտությունը երբեմն կերակուրի նման անհրաժեշտ է լինում թե՛ ուրախության, թե՛ տխրության պահերին։ Հովհաննես Երզնկացին այսպես է բնորոշել. «Քանի որ ձայնն անմարմին է և մեծ զորություն ունի և ազգակցական է առ հոգին»: Իսկ հայտնի Պյութագորաս Սամոսացին (մ.թ.ա. Զ դար), ավելի հստակ է ասել. «Հոգին երաժշտությամբ կայ», ասել կուզի՝ մարդու հոգուն ամենաանհրաժեշտը երաժշտությունն է։
Ավելի ուշ ժամանակների կոմպոզիտոր Վագներն էլ է դիպուկ ասել. «Երաժշտությունը մտածել չի կարող, բայց կարող է մարմնավորել միտքը»:
Հետևությունը մեկն է՝ մշակույթի ամենախորհրդավոր բաղադրամասը երաժշտությունն է, քանզի իր բարձրագույն կետում այն վերանում է, մեզ թողնելով Բացարձակի առջև: Ինչպես ասել է Պավել Եվդոկիմովը. «Մոցարտի Մեսսան երաժշտությամբ գրված սրբապատկեր է»։
Մեծ երաժիշտ Ջուզեպպե Վերդին Աստծո գոյության մասին այսպես է գրել. «Աստված կա։ Պետք չէ դա ապացուցել։ Աստծո գոյությունն ապացուցելն իրականում սրբապղծություն է, իսկ հերքելը՝ անմտություն... Աստծո գոյությունը հերքել... կարող է կամ շատ ողորմելի, տգետ, կա՛մ շատ անբարոյական մարդը»։
Այժմ համառոտ շրջայց կատարենք պատմության խորխորատներում, հասնենք ակունքներին ու մեկ անգամ ևս կարդանք երաժշտության առաջին ստեղծողների մասին, քանզի ամեն բան արմատից է ճանաչվում։ Աստվածաշունչն իր հազարավոր էջերից մեզ տեղեկացնում է. «Հոբաղը բոլոր քնարահարների ու սրնգահարների հայրն էր» (Ծննդոց 4.21)։
Եթե չլիներ երաժշտության պահանջ, չէր էլ ստեղծվի երաժշտական գործիք: Երաժշտագործիքները հոգու երաժշտությունը նյութականացնելու միջոցներ են ընդամենը։ Իմա՝ երաժշտությունը հոգու թարգմանն է, և լրացուցիչ միջոցների, այսինքն՝ երաժշտական գործիքների կարիքն ունի։
Այժմ տեղին է փաստելը՝ աստվածաշնչային սաղմոսները աղոթքներ են, որ ի սկզբանե երգով ու քնարի նվագակցությամբ են ասվել: Հենց այդ պատճառով էլ սաղմոսների հեղինակ Դավիթ մարգարեն սաղմոսերգու կամ քնարերգու է կոչվել: Նրան Իսրայելի Սավուղ թագավորի մոտ են նույնիսկ տարել՝ քնար նվագելու, որպեսզի Սավուղի վրա եկած չար ոգին հեռանա (Ա Թագ. 16.23):
Հինկտակարանային բոլոր սաղմոսներն ունեցել են իրենց հատուկ երաժշտությունը: Այդ իրողությունը հրեաների աստվածպաշտության անհրաժեշտ տարրերից մեկն է եղել, քանզի համարվել է հոգևոր կյանքի ամենամերձավոր ուղեկիցը խոսքից հետո (որպես աննյութական ազդեցություն աննյութական հոգու վրա): Ի դեպ, երաժշտության զորությունն անգամ պատերազմի դաշտում են գործածել, որպես ռազմիկների արիության բարձրացման հզոր միջոց։
Երաժշտության հոգևոր խորհուրդը Տաթևացին այսպես է մեկնաբանում. «Քնարն ու տավիղը սատանայագյուտ էին, որ կրքերի էին մղում, և Դավիթը քնարին խառնեց հոգու խոսքը, որպեսզի սատանայի սրով հենց նրան խոցի, և հալածեց Սավուղի միջի դևին: Կենդանիներն ունեն ձայն, բայց չունեն խոսք, որ ընծայեն Աստծուն, իսկ մարդը, որպես արարածների գլուխ, ձայնը իր խոսքերին է խառնում և հոգևորի փոխելով, Աստծուն է մատուցում»: Հետևապես սուրբ Պատարագն ու ժամերգությունները կատարվում են երգաձայն ընթերցանությամբ, երաժշտությամբ ու սաղմոսերգություններով: Մեր շարականները, սուրբ հայրերի աղոթքներով, երկնքից տրվել են հենց այդ նպատակի համար, և մեր ազգը դարերով ամեն առավոտ ու երեկո մասնակցելով եկեղեցական ժամերգություններին, հոգու զորություն ու բժշկություն է ստացել: Ինչը նրանց օգնել է հեշտությամբ և, մանավանդ, հաղթական հոգով դիմակայելու բոլոր դժվարություններին՝ թե՛ ընտանեկան, թե՛ կենցաղային, թե՛ ազգային:
Հիշենք նաև՝ Հիսուսն իր մատնությունից առաջ օրհնության երգ երգեց առաքյալների հետ, որպես զորության աղբյուր՝ սպասվող չարչարանքներին դիմակայելու:
Պատահակա՞ն էր, որ Նարեկացին, «Մատյան ողբերգությունից» բացի, գրել է նաև բազմաթիվ տաղեր ու գանձեր (հոգևոր արարողությունների վերջում կատարվող երգեր)՝ իրենց համապատասխան երաժշտությամբ: Իհարկե պատահական չէր: Նա հրաշալի գիտեր հոգենորոգ ձայնի բուժիչ ու կենարար զորությունը:
Կարելի է ասել՝ երաժշտությունը մեր ձայնի ծեսն է, իսկ հոգու ծեսը՝ պատարագը։
Ըստ Կոմիտասի՝ երաժշտությունը երկու տեսակի է՝ աստվածային և մանավանդ մարդկային։ Առաջինը հանցավոր հոգիներին եկեղեցիներում զղջման տանելու և մեղավոր մտքերը դեպի բարին ուղղելու նպատակ ունի, իսկ մարդկայինը ուրախության ժողովներում և հանդեսներում կատարելու համար է։
Տարիներ առաջ դասավանդում էի Երուսաղեմում: Օրերից մի օր հրեական հեռուստաեթերում հրեուհի աղջիկը հայկական դուդուկով հինավուրց երաժշտություն էր հնչեցնում: Միայն տեսնել-զգալ էր պետք, թե ինչ, ես կասեի, երաժշտաշարժ տեղի ունեցավ այդ երկրում: Հոգևոր երաժշտությանը քաջատեղյակ հրեա ազգը, որ հինավուրց սաղմոսների երաժշտությունն ու խոսքը դարերով պահել է իր սրտում և հոգում, առանց չափազանցության, ցնցվել էր դուդուկի հոգեթափանց երաժշտությունից։
Հաջորդ առավոտ մտա Երուսաղեմի ամենամեծ երաժշտական սրահը, որ ձայնասկավառակ գնեմ դուդուկից հնչող երաժշտությամբ: Ծանոթ հայ վաճառողը, թե՝ ոչինչ չկա, մի քանի ժամում հսկայական քանակությունը սպառվեց։ Հետագայում կարողացա ճշտել, թե հրեուհին ինչպես և որտեղ էր սովորել դուդուկ նվագել: Պարզվեց, Երուսաղեմում նա ծանոթացել էր Հայաստանից ժամանած մի հայ տղամարդու հետ, ով մեր վարժարանի սաներին հայկական պարեր էր սովորեցնում: Մի օր աղջկա ներկայությամբ նա նվագել է դուդուկ ու հմայել նրան: Աղջիկն այնքան պոկ չի եկել նրանից, մինչև… սովորել է դուդուկ փչել: Շատ կարճ ժամանակահատվածում նա հայտնի դարձավ երաժշտական աշխարհում: Պատճառը գուցե հենց այն էր, որ կինը դուդուկ է նվագում: Պատահակա՞ն է, որ այսօր աշխարհում հաղթականորեն տարածվել է դուդուկի անզուգական ձայնը, որ լուրջ համերգներն ու գեղարվեստական ֆիլմերը այլևս առանց դուդուկի երաժշտության ասես չեն կարողանում հանդիսատեսի հոգուն հասցնել իրենց ասելիքը։ Որպես ասվածի հավաստում մտաբերենք աշխարհահռչակ կինոռեժիսոր Մել Գիբսոնի հանրահայտ ֆիլմը՝ «Հիսուսի չարչարանքները», որտեղ Հիսուսի խաչելության և հոգու ավանդման պահին որպես հոգիները թափանցող անկրկնելի զորություն հենց դուդուկի ձայնն է հնչում։
Ասել է՝ մարդուն հնարավոր չէ պատկերացնել առանց երգի ու երաժշտության:
Իսկ ի՞նչ ասել ռոք, ռեփ և նմանատիպ երգ-երաժշտության ու կատարումների մասին, որոնք զուրկ են հոգևոր շնչից ու հոգեշահ խոսքից, որ ուղեկցվում են անպարկեշտ շարժումներով ու, ինչպես պնդում են գիտակները, դրանց միջոցով սատանան մարդկանց մղում է անասնական ցանկությունների, մխրճում կրքերի հորձանուտ: Սուրբ հայրերը դրանք կոչել են «գոտկատեղից ներքև շարժմունք»:
Գիտենք, որ մարդ արարածն իր հինգ զգայարաններով՝ հինգ դարպասներով, պարսպապատ քաղաքի է նման։ Աչքեր, որ թագավորական ազնվագույն դարպասներ են, նաև ականջներ, բերան, ռունգեր ու շոշափելիքներ։ Այդ հինգից ամենաշատը ծանրաբեռնված են ականջների դարպասները, որովհետև ամենակարևորն ու հաճախ գործածվողը հենց այդ դարպասներն են: Սրանք մյուսների նման փեղկեր չունեն ու չեն կարող փակվել երբ ուզենան: Սրանք այն դարպասներն են, որ գիշերներն անգամ բաց են մնում, և ով ասես անարգել կարող է ներս խուժել խոսքի կամ աղմուկի ձևով։ Բնական է, որ այդ դարպասներով քաղաքին վնաս տվող ավազակաբարոները ևս կձգտեն մտնել ու վնասել այնտեղ բնակվողներին, իմա՝ մեր մտքերին, հոգուն, սրտին: Հետևությո՞ւնը՝ քաղաքի պահապաններին աչալրջություն է պետք, հսկելու և պահպանելու քաղաքի բնակիչների անդորրը, մանավանդ մշտաբաց ականջների մուտքը։ ՈՒրեմն զգուշանանք, թե ինչ ենք լսում։
Ասել է՝ մենք հոգևոր գիտության կարիք ունենք մեր քաղաք-անձերը վնասակար ու թշնամական հարձակումներից պաշտպանելու համար, քանի մեր հոգու թշնամին՝ սատանան, քնած չէ և գիշեր-ցերեկ մտմտում-ծրագրում է մեր քաղաքը գրավելու և իր ստրուկը դարձնելու մասին:
(շարունակելի)
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ